29/03/2021 11:30
Դատախազությունն Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը, այս մասին Aysor.am-ին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ դիմումն ուղարկել են Քրեական ոստիկանություն։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում:
Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Մհեր Պետրոյսանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավորն է։ Դատավորը ԲԴԽ էր դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Մհեր Պետրոսյանին և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։