29/03/2021 19:26
Դատախազությունը որոշել է շարունակել Արա Սաղաթելյանի մասով «Գագիկ Սողոմոնյանի» էպոպեան՝ բողոքարկելով կալանքը վերացնելու մասին որոշումը. Փաստաբան
ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է շարունակել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մասով ֆեյսբուքյան օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» էպոպեան՝ բողոքարկելով Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Նշված բողոքը որքանով սպասելի էր Արա Սաղաթելյանի փաստաբանական թիմի համար, այնքան էլ անհասկանալի իրավունքի և օրենքի տեսանկյունից։
Անհասկանալի էր, քանի որ վերաքննիչ քրեական դատարանի հիմնավոր և պատճառաբանվածության բարձր աստիճան ունեցող դատական ակտը բավարար էր բացահայտելու սույն քրեական գործով ԱԱԾ քննչական վարչության իրականացված անհեթեթ և VPN-ի ու IP-ի վերաբերյալ տարրական պատկերացում չունեցող գործի քննությունը։
Սակայն սպասելի էր, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում որևէ հնչեղ քրեական գործով անձի նկատմամբ քրեական հետապնդելու հարուցելու, նրան ամեն գնով կալանավորելու քննչական մարմինների և դատախազության ձգտումները որևէ կերպ պայմանավորված չեն օրենքով կամ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ բացառապես իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի՝ այդ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։
Իսկ Արա Սաղաթելյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանդեպ հնչեցրած խիստ, բայց միանշանակ արդարացի քննադատությանը որևէ այլընտրանք չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և դատախազության համար, քան շարունակել ամեն գնով Արա Սաղաթելյանին ազատությունից զրկելու փորձերը։
Հ.Գ. Իսկ որոշ պաշտոնատար անձինք դեռ շարունակում են պնդել, թե իբր "օգտագործՎող չեն, օգտագործող են"»,- գրել է փաստաբանը։