29/03/2021 11:58
Բայդենի վարչակազմն առավել մոտ է կանգնած Ցեղասպանության ճանաչմանը. պետք է այս պատմական շանսն օգտագործենք. Սուրեն Սարգսյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առավել մոտ է կանգնած Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Հաշվի առնելով բարենպաստ միջավայրը Ցեղասպանության ճանաչման համար թե՛ ԱՄՆ-ի ներքաղաքական, թե արտաքին քաղաքական դաշտում և թե թուրք-ամերիկյան հարաբերությունները, փաստ է, որ Բայդենի վարչակազմն ավելի մոտ է կանգնած դրան», - ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման ազդեցությանը Հայաստանի վրա, Սարգսյանն ասաց, թե պետք է կարևոր մի բան գիտակցել. սա խոստում է, որը Բայդենը տվել է իր ընտրող հայերին։
«Այս խոստումը չի տրվել Հայաստանի Հանրապետությանը կամ համայն հայությանը, այլ տրվել է իր ընտրող քաղաքացիներին։ Բնականաբար, առաջին հասցեատերը և պահանջատերը ԱՄՆ-ում բնակվող էթնիկ հայերն են», - ասաց Սարգսյանը:
Միջազգայնագետի խոսքով՝ եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա կարող է խնդիր լինել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս պատմական շանսն օգտագործենք և Ցեղասպանության ճանաչման գործընթացը մղենք դեպի առաջ», - ասաց նա։