29/03/2021 10:40
Չեխիայի լաբորատորիայում հայտնաբերվել է COVID-19-ի նախկինում անհայտ մուտացիա
Չեխիայի Բրնո քաղաքում Elisabeth Pharmacon լաբորատորիայի աշխատակիցները հայտնաբերել են կորոնավիրուսի նախկինում չգրանցված մուտացիա, Twitter-ում տեղեկացրել է լաբորատորիայի վարիչ, հայտնի համաճարակաբան Օմար Շերին:
«Խոսքն, այսպես կոչված, Spike սպիտակուցի մուտացիա է: Դա բնորոշ սպիտակուց է, որը հայտնվում է SARS-CoV-2 վիրուսի մակերեսին: Ներկայում օգտագործվող պատվաստանյութերն ուղղված են հենց դրան հակազդելուն», - գրել է Շերին:
Փորձագետի կարծիքով, կորոնավիրուսի նոր մուտացիան ավելի վտանգավոր չէ, քան բրիտանական մուտացիան, որը տարածվել է հանրապետությունում: Բացի այդ, երկու շաբաթ առաջ վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է Չեխիայում Հարավային Աֆրիկայի COVID-19 մուտացիայով առաջին հիվանդների մասին:
Այժմ տասը միլիոնանոց Չեխիայում 173,5 հազար մարդ է վարակված կորոնավիրուսով, որից 7,3 հազարը հոսպիտալացված է: Ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում երկրում հիվանդացել է 1.515 միլիոն մարդ, ապաքինվել է 1.315 միլիոնը, մահացել՝ 25.8 հազարը: