29/03/2021 18:07
Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում. Փաստաբան
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա նշել է, որ Աննա Դանիբեկյանի աշխատակազմից չի հաջողվել ստանալ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
«Ուղիղ 72 ժամ է՝ ինչ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում: Ցավոք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը շարունակում է այս ծաղրը իրավաբանության հանդեպ և նաև իր ջանքերով շարունակում է պահպանվել այս ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդումը։
Աննա Դանիբեկյանի աշխատակազմից այսօր ևս չհաջողվեց ստանալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առկայության մասին տիկին Դանիբեկյանն առնվազն իմ կողմից տեղեկացվել է», - նշել է փաստաբանը։