29/03/2021 16:36
Առաջիկայում Հայաստանին նոր պատվաստանյութ կառաջարկվի. Գայանե Սահակյան
Հայաստանը 24 հազար դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ է ձեռք բերել: Բայց «COVAX FASILITY» նախաձեռնության շրջանակներում միայն «AstraZeneca» պատվաստանյութ չի ձեռքբերվելու:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ասուլիսում տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են և առաջիկայում Հայաստանին նոր պատվաստանյութեր ևս կառաջարկվեն:
Առաջին փուլում ձեռքբերված պատվաստանյութով պատվաստումը կլինի առաջին դեղաչափով, քանի որ առաջիկայում պատվաստանյութի նոր խմբաքանակ է լինելու: Այն ստանալուց հետո, արդեն երկրորդ դեղաչափը կառաջարկվի: Սահակյանը հավատացնում է՝ առաջին և երկրորդ դեղաչափերի միջև նվազագույն ինտերվալը՝ 8 շաբաթը պահպանվելու է:
«AstraZeneca» պատվաստանյութի մասով նշեց, որ հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպք չի գրանցվել:
Չսպասվող ռեակցիայի հետևանքների մասով էլ մասնագետը նկատեց.«Եվրոպական դեղերի գործակալության տվյաներով՝ ավելի քան 20 մլն. պատվաստում է կատարվել, և գրանցվել է 7 ընդհանուր անոթային տրոմբոէմբոլիա, մոտավորապես 18 գլխուղեղի սինուսային տրոմբոէմբոլիա: Այդ ուսումնասիրությունները, շեմային ցուցանիշները և պատվաստումից հետո հայտնաբերված ցուցանիշները որևէ ռիսկ չեն հայտնաբերել: Քովիդը կարող է առաջացնել դրանք, դրանք վիրուսի սովորական բարդություններից են: Այս պահին ոչ ոք չի կարող ապացուցել՝ պատվաստված 20 մլն.-ից 18-ն արդյո՞ք վարակ չի ունեցել»:
Սահակյանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ, բոլոր բուժհաստատությունների հետ աշխատելու են, պատվաստանյութը համամասնորեն բաժանվելու է: Այն հասանելի է լինելու ռիսկի խմբերին: