30/03/2021 13:16
Մեղադրող դատախազները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Մեղադրող կողմը՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, այսօր չեն ներկայացել նիստին։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, թե Գևորգ Բաղդասարյանի կողմից ստացվել է գրություն, որով վերջինս հայտնել է, թե 2021-ին հրապարակվել է ՍԴ որոշումը 300.1 հոդվածի վերաբերյալ։
Դատախազը նշել է, որ նախապատրաստում են ծավալուն միջնորդություն, որը մինչ դատական նիստի ավարտը հնարավոր չէ ներկայացնել։ Դատախազը խնդրել է հետաձգել դատական նիստը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։