30/03/2021 14:03
«Դուք Ձեզ կողքից տեսե՞լ եք, կուզենա՞ք Ձեզ դատի Ձեր նման դատավորը». Յուրի Խաչատուրովի պաշտպանը հունից դուրս եկավ (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե, փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազությունում մի դատախազ չկա, որ գա ու այսօրվա դատական նիստին ՀՀ անունից հանդես գա։
«Մինչ այդ տպավորություն էր, թե դատախազությունում դատախազ չի մնացել, կռիվ են անում, որ գան այս դատական նիստին մեղադրանք պաշտպանեն», - ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ինքն այսօր չի եկել դատական նիստի, քանի որ ՍԴ որոշումից հետո իր դատավարական կարգավիճակը դադարեցված է։
«Չկա այս գործով օրինական մեղադրանք, չկա ամբաստանյալ, չկա նաև ամբաստանյալի պաշտպսն, ես էսօր եկել էի կոնկրետ որոշում ստանայի Ձեզանից ու հեռանայի, հարգելի դատարան», - ասաց Խաչատուրովի փաստաբանը։
Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանի համար ՍԴ որոշումը փրկության ճյուղ է եղել։
«Շեղվում եք քննարկվող հարցից», - միջամտեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք անում, Դուք Ձեզ կողքից տեսե՞լ եք, կուզենա՞ք Ձեզ դատի Ձեր նման դատավորը», - հունից դուրս եկավ Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։