30/03/2021 14:57
Սադրանքներն Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների ու ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության հետևանք են. Արցախի ԱԳՆ
Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ 2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա - Ստեփանակերտ և Ստեփանակերտ - Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։
Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։
Նախարարությունից նշում են, որ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։
«Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։ Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - նշված է հաղորդագրության մեջ։