30/03/2021 18:04
Յուրաքանչյուրը հնարավորություն ունի նկարահանվելու Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմում. մեկնարկել է Արցախի մասին պատմող ֆիլմի դրամահավաքը
Այսօրվանից մեկնարկել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» կիոնախագծի արտադրության փուլի ֆինանսների համալրման համար նախատեսված միջազգային դրամահավաք-արշավը (croudfunding), որը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին դառնալ ստեղծագործական խմբի կարևոր մի մասնիկը: Դրամահավաք-արշավը մի քանի ժամվա ընթացքում արդեն 20 հազար դոլարից ավելի է մուտքագրել:
Գումար նվիրաբերողները նաև շահումներ ունեն. կախված նվիրաբերած գումարի չափից՝ կարող են ձեռք բերել նախորդ ֆիլմերը առցանց դիտելու հնարավորություն, ֆիլմերի տեսագրությունները, ծանոթանալ վերջնարդյունքից դուրս մնացած կադրերին, նոր ֆիլմի արտադրական ընթացքին և որ ամենահրապուրիչն է՝ հայտնվել նկարահանման հրապարակում՝ դերասանի կարգավիճակով:
«Մի ամբողջ փաթեթ ենք ներկայացնում, այդ բոլորի հետ մեկտեղ, նաև որոշակի գումարից բարձր գումար նվիրաբերողները կնկարահանվեն «Վերածնվածում»», - այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ֆիլմի սցենարիստ Նարինե Ոսկանյանը:
Ջիվան Ավետիսյանն էլ ավելացրեց՝ այս պահի խնդիրն է դրամահավաքի միջոցով հասնել 100 հազար դոլարի ներդրման, մոտ այդչափ աջակցություն էլ ակնկալում են Կինոկենտրոնից, որից հետո հայտ կներկայացնեն միջազգային ֆոնդերին:
2020թ.-ին «Վերածնվածը» կինոնախագծով Ջիվան Ավետիսյանը դիմել էր Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Բեռլինի տաղանդներ» ծրագրին։ 134 երկրների ավելի քան 3400 հավակնորդների մեջից զատված 250 մասնակիցներից ընտրված 17-ի շարքում է հայտնվել նաև հայազգի ռեժիսորը, որոնց նվիրված գերմանական միջազգային Deutsche Welle մեդիաընկերությունը ստեղծեց կարճամետրաժ վավերագրական ֆիլմ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմերի մրցակցության փուլում այն ընտրել է ֆինանսավորման համար։
«Վերածնվածը» 2018-ի ծնունդ է, որի հիմքում ի սկզբանե 2016-ի Ապրիլյան պատերազմը պետք է լիներ, սակայն 2020-ի սեպտեմբերի 27-ը բովանդակային այլ ուղղություն տվեց նախագծին:
Ֆիլմի արտադրությունը նախատեսվում է սկսել 2022 թվականի աշնանը: «Վերածնվածը» կդառնա Ջիվան Ավետիսյանի՝ Արցախին անդրադարձող 4-րդ ֆիլմը՝ «Թևանիկ»-ից, «Դրախտի դարպաս»-ից ու «Վերջին բնակիչ»-ից հետո։
«Եթե ժամանակին մենք Արցախի մասին ֆիլմերով փորձում էինք հատկապես աշխարհին պատմել մեր մասին, հիմա առավել կարևոր է, որ Արցախի պատմությունը պատմենք մեր ապագա սերունդներին, մեր երեխաներին: Պետք է կարողանանք տեղ հասցնել այն իրողությունը, ինչը կատարվեց մեզ հետ», - շեշտեց ռեժիսորը:
ֆիլմի հիմքում ընկած է մի կնոջ գաղտնիք, որը դառնում է երեք տարբեր ճակատագրերի փոխկապակցման պատճառ։
Ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան, իսկ նրա ֆրանսիաբնակ ընկերուհին իր կանադական արմատների հայտնաբերման համար որոշում է հանդիպել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ... Ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, որը Հոլոքոսթից փրկված սերնդի ներկայացուցիչ էր, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին… Այս կերպարներին զուգահեռ զարգանում է նաև արհեստական բանականությունը:«Ֆիլմի թեման խաղաղությունն է, բայց այդ խաղաղությանը հասնելու համար կարիք ունենք գտնելու մեր ինքնությունը: Այսօր աշխարհն է իր ինքնությունը կորցրել, այս մարդածին աղետները հենց այդ ինքնությունը կորցնելու պատճառով են տեղի ուենում, բոլորս կարիք ունենք վերածնվելու, ու այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու», - նշում է սցենարիստը:
Կինոգետ Զավեն Բոյաջյանն այս նախագծում հանդես է գալիս որպես սցենարի խորհրդատու: Նրա կարծիքով՝ այս ֆիլմը բոլորովին նոր բովանդակային շերտ կարող է մտցնել ժամանակակից հայկական կինեմատոգրաֆիա:
«Որպես կինոգետ պետք է նկատեմ, որ Ջիվան Ավետիսյանի վերջին երկու նախագծերում Արցախյան թեման միջազգայնացել է, ու նրա ամեն հաջորդ նախագիծ նախորդից պրոֆեսիոնալ է: Օրինակ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմում Արցախից զատ, գործողության վայրերից մեկը Եվրոպան էր, հերոսներն էլ օտարազգի դեմքեր էին: Այսինքն, ֆիլմում արդեն Արցախը ներկայացնելու շրջանակները լայնացել են ու փորձ է արվել Արցախյան խնդիրն ամեն կերպ տեղափոխել միջազգային շրջանակներ: «Վերածնվածը» շարունակում է այս գիծը՝ առավել ընդգրկուն ու ընդարձակ դարձնելով Արցախյան հարցը: Ջիվան Ավետիսյանը մի ոտքով ներկայում, իսկ մյուս ոտքով՝ ապագայում գտնվող ռեժիսոր է, ով օրինակ է ծառայում, թե ինչպես կարող է առաջ գնալ հայկական կինոն», - ընդգծեց Զավեն Բոյաջյանը: