31/03/2021 17:45
Մարոկկոն նախազգուշացնում է, որ Աֆրիկան դարձել է ԻՊ-ի թիրախը
Աֆրիկան դարձել է «Իսլամական պետության» թիրախը, միջազգային կազմակերպությունները պետք է կենտրոնանան այս խնդրի վրա, հայտարարել է Մարոկկոյի ԱԳՆ ղեկավար Նասեր Բուրիտան:
«Աֆրիկան դարձել է ԻՊ-ի թիրախը և ուշադրության կենտրոնը: Այն ձգտում է ամրապնդել իր ներկայությունը Աֆրիկայում՝ համագործակցելով ահաբեկչական խմբավորումների և հանցավոր ցանցերի հետ», - ասել է նախարարը միջազգային կոալիցիայի արտաքին գործերի նախարարների կրճատված կազմի նիստում: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Ավելի ու ավելի շատ խմբեր հավատարմության երդում են տալիս ԻՊ-ին, ավելացրել է նա։
Նասեր Բուրիտան նաև հիշեցրել է, որ 2020 թվականին Սահելի շրջանում հարձակումների զոհերի թիվը 2019-ի համեմատ աճել է 60% -ով և հասել 4250-ի:
Բուրիտան ենթադրել է, որ Մերձավոր Արևելքում հենակետերի վերահսկողությունը կորցրած ահաբեկիչները փորձում են գրոհայիններ ներգրավել և ֆինանսավորել այլ տարածաշրջաններից:
Մարտի 24-ին իսլամիստական խմբավորումները հարձակվել են Մոզամբիկի Պալմա քաղաքի վրա, գրոհայինները վերահսկողություն են հաստատել քաղաքում: