01/04/2021 09:59
«Հրապարակ». Իշխանությունը սպասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի, օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է։ Այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, իսկ սա նշանակում է, որ մեկ օրում պարզ կդառնա, թե արտահերթ ընտրություններն ինչ ընտրակարգով են տեղի ունենալու։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի ռեյտինգայինից հրաժարվելը, փորձելու են փոխել նաև կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը. կուսակցությունների դեպքում նվազեցնել՝ դարձնելով 4 տոկոս, դաշինքների պարագայում մեկ տոկոսով բարձրացնել՝ 8 տոկոս։ Չի բացառվում նաև, որ օրենսգրքում մեծածավալ փոփոխությունները ևս եկող ամսվա մեջ ընդունեն, սակայն պայմանով, որ այն ուժի մեջ է մտնելու 2022 թվականից։ Իշխանությունը սպասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, որը, ըստ որոշ լուրերի, կստացվի ապրիլի 20-ից հետո։
Մի նկատառում ևս. չնայած Փաշինյանը հայտարարել էր, որ ԸՕ-ն «Իմ քայլի» առաջարկով է փոխվում, սակայն որպես նախագծի հեղինակներ՝ նշվել են «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի և անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանի ու Սերգեյ Բագրատյանի անունները։ Իսկ նախագիծն անցկացնելու համար անհրաժեշտ է 80 ձայն»։