01/04/2021 11:05
Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է. Արա Սաղաթելյան
Ակնհայտ է, որ կմասնակցեմ նախընտրական գործընթացներին, բայց դա կլինի կուսակցական գործունեություն, թե ոչ, այս պահին ասել չեմ կարող, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ նշնելով, որ կատարել է խոստումը և մասնակցում է քաղաքական գործընթացներին։
«Ես չեմ վստահում իրենց կազմակերպած ընտրություններին, և կարծում եմ՝ որևէ ողջամիտ մարդ, տեսնելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարքագիծը, չի կարող ընդհանրապես վստահել այդ մարդկանց։ Իրականության մեջ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ են կեղծել, չեն կատարել որևէ խոստում, բացի այդ էլ, տեսանք, թե ինչպես են նրանք կեղծում մեր ակնկալիքները 44 օրյա պատերազմի ժամանակ՝ խոստանալով հաղթանակ, բայց տանելով պարտության», - ասել է Արա Սաղաթելյանը։
Նա նշել է, որ ընտրությունները լավագույն միջոցը չեն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու.
«Բայց եթե ներկայիս իշխանությունը լինի ողջամիտ, ինչը ես կասկածում եմ, նրանք կարող են հանգուցալուծել։ Բայց մենք գործ ունենք սուտասան ու բառադի մարդկանց հետ»։
Լրագրողի դիտարկմանը, թե Վանո Սիրադեղյանն ասում էր, որ պետությունն ուժեղ է իր բառադիությամբ, Արա Սաղաթելյանն արձագանքել է.
«Վանո Սիրադեղյանն ասում էր՝ մեր ուժը մեր բառադիության մեջ է։ Դրանք այլ ժամանակներ էին, երբ նա ասել է։ Եվ հետո, Վանո Սիրադեղյանը կենդանի դասական էր. ի տարբերություն նրա, Նիկոլ Փաշինյանը դասական կենդանի է։ Նրա մոտիվացիաները քաղաքական գործչի մոտիվացիաներ չեն, նա իր նպատակներին հասնելու համար ոչնչացնում է պետական ինստիտուցիոնալ համակարգը»։
Սաղաթելյանն ասել է, որ այս ամենի «դեմն առնելու» համար պետք է նրան ընդամենը հեռացնել։