01/04/2021 11:17
Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով. Փաշինյանը նիստը սկսեց կարևոր լուրով
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական բնույթի կարևոր լուրեր ունի հայտնելու։
«Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով, առևտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով ու մարտ ամսվա տվյալն առանձին վերցրած՝ էական աճ է արձանագրել», - նշեց վարչապետը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, թե առևտրաշրջանառության ու կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 միլիոն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 միլիարդ դրամ։
«Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 միլիարդ դրամ, գործարքների քանակով՝ 6 միլիոն 200 հազար հատ», - ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հարկային եկամուտների հավաքագրումների մասով կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 միլիարդ դրամ, փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 332,9 միլիարդ դրամ։
ՊԵԿ նախագահը նշեց, որ դրական տարբերությունը կազմում է 27,9 միլիարդ դրամ։
Նրա խոսքով՝ հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 միլիարդ դրամ։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե կարծում է, որ սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, ետպատերազմական տարվա համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր հարկ վճարողներին, ովքեր այս ցուցանիշի գեներացման կարևորագույն մասնակիցներն են, իհարկե, շատ կարևոր է ընդգծել նաև ՊԵԿ-ի աշխատանքը։ Հույս ունենք, որ առաջիկայում բոլոր կանխատեսումները կունենան միայն դրական միտում», - նշեց Փաշինյանը։