01/04/2021 17:15
Պենտագոնը կրկին թույլ է տվել տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ բանակում
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել տրանսգենդերներին բանակ զորակոչելու նոր ուղեցույցներին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Նոր կանոնների համաձայն` տրանսգենդեր անձինք կրկին իրավունք ունեն միանալու ԱՄՆ-ի զինված ուժերին՝ որպես իրենց ընտրած սեռի ներկայացուցիչ: Բացի այդ, ռազմական ղեկավարությունն ապահովում է, որ այդպիսի մարդիկ ստանան անհրաժեշտ բժշկական օգնություն:
«ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը համոզված է, որ ցանկացած ամերիկացի, որը կհամապատասխանի զինծառայության բարձր չափանիշներին, միայն օգուտ կտա զինված ուժերին, և ներառականության պահպանումն ամրապնդում է մեր անվտանգության դիրքը», - ասել է Քիրբին։
Նրա խոսքով՝ նորամուծությունները նպատակ ունեն «վերականգնել 2016 թվականին Պենտագոնի որդեգրած քաղաքականությունը՝ կապված տրանսգենդերների ծառայության հետ»: