02/04/2021 12:50
«Վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել, պետք է ենթարկվի պատասխանատվության». Օնիկ Գասպարյանի պաշտպանները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանները պատրաստ են հասնել մինչև ՄԻԵԴ։
«Եթե իրավունքի խախտումը չվերացվի Հայաստանում, այո, կդիմենք, ես միշտ լավատես եմ ու մարդու իրավունքների խախտումների վերացումները տեսնում եմ հայկական դատական ատյանների շրջանակներում։ Այդ մի փոքր մասը, որ այստեղ չի վերանում, պետք է վերացվի Եվրոպական դատարանում», - լրագրողներին ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ չպետք է դիտարկել ՄԻԵԴ-ը որպես միակ ատյան, որն իրականացնում է պայմանական արդարադատություն։
«Իմ ակնկալիքն այն է, որ պարոն Գասպարյանի իրավունքները կպաշտպանվեն հայկական դատական ու իրավապահ մամինների կողմից», - ասաց պաշտպանը։
Նա նշեց, թե վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել ու խնդրել դատարանին, որ փոխի որոշումը, պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։
«Ինձ հայտնի բոլոր զարգացած երկրներում նման մոտեցումը ակնհայտորեն կբերեր քաղաքական հետևանքների, քրեադատավարական հետևանքները նույնպես պետք է վրա հասնեն, որովհետև դատարանի որոշումը չկայացնելը համարվում է հանցագործություն», - ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Նշենք, որ վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։
Օնիկ Գասպարյանը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն. նա պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։