02/04/2021 12:14
Ադրբեջանցի սակրավորները Ղարաբաղում հայտնաբերել են «Իսկանդերի» բեկորներ. հատուկ ռադարների միջոցով հնարավոր է պարզել, թե Հայաստանի որ կետից են հրթիռները արձակվել
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) Բաքվում ապրիլի 2-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված «Իսկանդեր» հրթիռների բեկորները: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ երկու հրթիռների բեկորներ հայտնաբերվել են Շուշի քաղաքում այս տարվա մարտի 15-ին, երբ մասնագետները տարածքներն ականներից էին մաքրում:
Ներկայում հստակեցվում է հրթիռների մոդիֆիկացիան:
Հրթիռների բեկորների վրա չի հայտնաբերվել որևէ գրություն, որը հնարավորություն կտար հստակեցնել մոդելները: Եթե հրթիռների հետ կապված որևէ ծածկագիր կամ արձանագրություն գտնվի, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ տեսակի է համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Հրթիռային շարժիչի մասերի որոնումը շարունակվում է: Դրանց հայտնաբերումից հետո պաշտոնապես կապացուցվի, որ Հայաստանը 2 հրթիռ է արձակել: Հատուկ ռադարների միջոցով հնարավոր է պարզել, թե Հայաստանի որ կետից են հրթիռները արձակվել:
Փետրվարի վերջին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրներից ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում: Նշվում էր, որ հրթիռների ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում:
Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ընթացքում հայկական զինված ուժերն օգտագործել են «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համալիրը: