02/04/2021 17:21
Էս ինչի՞ եք վերածել օրենսդրությունը, էս ինչի՞ եք վերածել դատարանը. Ալումյանն՝ Աննա Դանիբեկյանին
Ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով, էս ինչի՞ եք վերածել օրենսդրությունը, էս ինչի՞ եք վերածել դատարանը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործով նիստի ընթացքում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Պահանջում եմ, հենց հիմա քրեական հետապնդումը դադարեցրեք, մնացած հարցերը՝ հետո։
Էս պահի դրությամբ իմ պաշտպանյալը մեղադրվում է մի հոդվածքով, որը քրեական օրենսգրքում չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ենք ընկել քննարկում», - ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստում երկու անգամ ընդմիջում էր հայտարարվել։
Աննա Դանիբեկյանն առաջին ընդմիջումը հայտարարեց, որպեսզի փաստաբաններին հնարավորություն տա ծանոթանալու դատախազի միջնորդությանը:
Դրանից հետո արդեն սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանն ընդմիջումից հետո չներկայացան նիստերի դահլիճ։
Նույն գործով անցնող Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ, դիմելով Աննա Դանիբեկյանին, ասաց.
«Սա պատմական պահ է, և Դուք ունեք հնարավորություն պատմության մեջ մտնելու արժանապատվորեն և ոչ արժանապատվորեն»։
Պաշտպանները դատարանից պահանջում են դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը և այդ մասով գործի քննությունը կարճել։