02/04/2021 15:52
«Մենք պիդ կանգնինք». Տասը տարվա դադարից հետո «Դորիանս» ռոք խմբի անդամները կմիավորվեն և երկրպագուներին կներկայանան մեր օրերի համար թեմատիկ տեսահոլովակով
Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, ինձ մոտ միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե 10 տարի գոյություն չունի, ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսեր Վահագն Գևորգյանը, որը տարիներ շարունակ համագործակցել է «Դորիանսի» հետ: Այսկերպ պրոդյուսերն ազդարարել է՝ «Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա դադարից հետո կմիավորվեն և երկրպագուներին կներկայացնեն «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:
«Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Խոսքս, իհարկե, «Dorians» խմբի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես գիտենք, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի», - գրել է պրոդյուսերը՝ մանրամասնելով, որ մեկ գաղափարի շուրջ են համախմբվել Վարդան Զադոյանը, Գոռ Սուջյանը, Արման Փահլեվանյանը, Արման Ջալալյանը, Էդգար Սահակյանը, Արտյոմ Մանուկյանը՝ ցույց տալու, որ դա հնարավոր է։
«Մենք ազգովի պարտավոր ենք միավորվել, առավել ևս՝ հիմա։ Չկիսել ու չկիսվել։ Չատել ու միայն սիրել։ Հարգել զոհերին և միմիանց։ Միայն այսպես մենք կկանգնենք», - ընդգծել է պրոդյուսերը։
Երգը կոչվում է «Մենք պիդ կանգնինք»: Երաժշտության հեղինակը Գո Սուջյանն է, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:
Տեսահոլովակի նկարահանումն ավարտվել է մարտի 31-ին։ Հոլովակի սցենարիստն ու ռեժիսորը Վարդան Զադոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը։ Տեսահոլովակում հանդես է գալիս դերասան Հայկ Իսրայելյանը: