03/04/2021 13:46
«Հայրենիքի փրկության շարժումը» բացում է Դեմիրճյան փողոցը
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարությամբ է հանդես եկել։
«Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։
Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։
Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի:
Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։
Դավաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պետք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի՝ կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճո քաղաքականությունը», - ասված է հայտարարությունում։
Շարժումն ապրիլի 6-ին՝ ժամը 14։00, Սևան քաղաք, Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում հրավիրում է հանդիպման։