05/04/2021 17:11
Թուրքիան նախատեսում է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերքում համագործակցության հարցով
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են առաջիկայում Ռուսաստանի հետ տիեզերքում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը, հայտնում է ТАСС-ը:
«Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմանների վրա, մենք առաջիկայում նախատեսում ենք համաձայնագրեր ստորագրել», - ասել է Յըլդըրըմը:
Ըստ նրա՝ տիեզերքի ուսումնասիրության համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք տիեզերական գործունեության շատ ոլորտներում մեծ հնարավորություններ ունենք», - ասել է թուրքական գործակալության ղեկավարը:
Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիան կարող է շատ ավելի արագ առաջ շարժվել, եթե կարողանա ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ՝ հիմնված փոխշահավետ համագործակցության սկզբունքի վրա: