05/04/2021 11:40
Հիմա ընտրական ցուցակ պատրաստելը սխալ է. նախ պետք է հասկանալ՝ ընտրությունները լինելո՞ւ են. Անի Սամսոնյան
Ընտրական օրենսգրքի շուրջ պայմանավորվածություն չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Միակ պայմանավորվածությունը արտահերթ ընտրություններ անցկացնելն է հստակ, սեղմ ժամկետում, և մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ որևէ պահից նահանջ լինի այդ օրակարգից», - նշեց պատգամավորը:
Նա նաև նկատեց, որ հիմա ընտրական ցուցակ պատրաստելը սխալ է: Սամսոնյանի խոսքով՝ նախ վարչապետը պետք է հրաժարական տա, հասկանան՝ արդյոք արտահերթ ընտրությունները լինելու են:
Հարցին, թե հնարավոր է՝ չլինե՞ն՝ Սամսոնյանը պատասխանեց.
«Ոչինչ չենք բացառում, բայց միևնույն ժամանակ, եթե որևէ մեկի հետ պայմանավորվածություն ես ձեռք բերում, սխալ խոսակցություններ են՝ սկսել մտածել, որ նա կխախտի պայմանավորվածությունը»: