05/04/2021 11:19
«Լոռի»-ն դուրս է գալիս ՀՀ առաջնությունից. դիմումն ուղարկվել է Ֆուտբոլի ֆեդերացիա
«Լոռի» ֆուտբոլային ակումբն այսօր ՀՖՖ է ներկայացրել VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։
«ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի և ծանր որոշում կայացնելը։
«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը», - ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջով անդրադարձել էր հայկական ֆուտբոլին, մասնավորապես, Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը։
Մարուքյանը նշել էր, թե «Լոռի» ակումբի ապագան լուսավոր է, իսկ ֆուտբոլի ֆեդերացիային քրեակատարողական ապագա է սպասում։
ՀՖՖ-ն էր հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, թե Մարուքյանը փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը։
«ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար», - ասված էր ՀՖՖ հայտարարությունում: