06/04/2021 11:09
Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից, այս մասին «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում:
«Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական անմիջական աջակցություն՝ օտարերկրյա զինված ահաբեկիչ մարտիկներին տեղափոխելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել տվյալ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», - նշել է Փաշինյանը: