06/04/2021 19:01
Նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է՝ վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա։
«Հետևաբար, ամեն գնով անձին դատապարտելու մոլուցքը հակաիրավական, հակամարդկային ու հակասահմանադրական է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Օրբելյանը նշեց, թե չկա հանցագործություն, չկա որևէ արարք, որը ՀՀ-ն, որպես պետություն, կհամարի հանցագործություն։
«Դատախազությունը շարունակում է սա դիտել տեխնիկական խնդրի շրջանակներում, ցավոք սրտի, դա է մեր երկրի խնդիրը, որը չի թողնում զարգանա, դատախազությունը պետք է նույնպես առաջնորդվի անմեղության կանխավարկածով», - ասաց Քոչարյանի փաստաբանը։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր են են իրականացնելու, Արամ Օրբելյանն ասաց, թե այդ գործընթացի մոտեցումների, ատյանների հարցով դեռևս վերջնական որոշում չունեն․
«Մեր վստահորդը պետք է որոշի՝ ինչ գործընթաց է սկսում։ Իմ կարծիքով՝ բոլոր անձիք, ում իրավունքները խախտվել են պետության կողմից, պետք է իրենց իրավունքների պաշտպանության համար գործընթաց իրականացնեն, որպեսզի դատախազությունն ամեն գնով անձանց կալանքի տակ պահելու, ամեն գնով դատապարտելու ցանկությունը մոռանա և սկսի իրականացնել իր գործառույթն օրինականության վերականգնման ուղղությամբ», - նշեց Օրբելյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Ըստ մեղադրող կողմի՝ դատարանը չանդրադարձավ, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցրեց քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ։