06/04/2021 18:46
Դատարանը չանդրադարձավ, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցրեց քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ. Դատախազ
Դատախազությունը հետագա քայլերի մասին կհայտնի որոշման հիմնավորումներին ու պատճառաբանություններին ծանոթանալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի մեկի» գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։
«Դատարանը չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե Քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով քրեական հետապնդումը դադարեցրեց, դրանք վեաբերու՞մ էին արդյոք այն նորմին, որ մենք, որպես կիրառման ենթակա նորմեր, հղում էինք կատարել ու նշել, որ դրանք առերևույթ հակասահմանադրական են», - ասաց Պետրոսյանը։
Հարցին՝ եթե Սահմանադրական դատարանը Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա հակասահմանադրական ճանաչի նորմերը, հնարավոր է՝ արարքը վերաորակվի՞ ու նոր գործ սկսվի՞, դատախազն ասաց, թե դատախազության դիմումն ուղղված Սահմանադրական դատարանին վերաբերում է նրան, որ դատախազների լիազորություններն իրականացնելու տիրույթում գործող քրեադատավարական նորմերն առերևույթ Սահմանադրությանը հակասում են և այդպիսի մեկնաբանման առկայության դեպքում իրենք լիազորված են լինելու նման գործողությունների գնալ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։