06/04/2021 17:56
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Քրեական հետապնդումը դադարեցվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժեց։
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել։ Սեյրան Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվեց։
Որոշվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել, գումարը վերադարձնել։ Յուրի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվեց։
Դատարանը մերժեց նաև Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից ու Սեյրան Օհանյանից գրավոր ներողություն խնդրել պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն առարկել էին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։-
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24