06/04/2021 10:18
Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարատև ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից, «Интерфакс»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքում, միջպետական երկկողմ համաձայնագրերի համաձայն, ստեղծվել և գործում է հայ-ռուսական երկու խմբավորում՝ Միավորված ուժերի խմբավորում և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ, և, բացի այդ, երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ պետություններ են, որի ձևաչափով ստեղծվել են նաև զորքեր (հավաքական ուժեր) և միավորված խմբավորումներ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և համատեղելի զենք և զինամթերք՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի այլ դաշնակիցների հետ միասին», - ասել է նա:
«Նույն պատճառներով էլ մենք շահագրգռված ենք նաև զենքի և զինամթերքի առաքմամբ Հայաստան նույն կազմաձևով, ինչ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համար», - հայտարարել է Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք Հայաստանը նախատեսում է շարունակել գնել ռուսական զենք, մասնավորապես` «Սու -30ՍՄ» կործանիչներ և սպառազինություն այդ ինքնաթիռների համար, Հայաստանի վարչապետը պատասխանել է.
«Ձեր նշած օդանավի տեսակի վերաբերյալ ես նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և նախատեսվում է դրանց գնում ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ զենք ձեռք բերելու համար ռուսական նոր վարկի և Երևանի կարիքների հարցով որոշումներ են կայացվելու՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք այժմ իրականացվում են:
«Այս փուլում ես հիմք չեմ տեսնում քննարկելու ֆինանսավորման աղբյուրները և կառուցվածքը՝ այն նպատակներից և խնդիրներից տարանջատված, որոնք ենթադրվում են բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, բնականաբար, դրանք պատշաճ և ժամանակին կսպասարկվեն», - հայտարարել է ՀՀ վարչապետը: