07/04/2021 12:00
Քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել. ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Ռուստամ Բադասյանը՝ Մարտի 1-ի գործի մասին
Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած գործընթացների մասով, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործընթացին։
«Կա արդեն դատական որոշում։ Դատախազությունը պետք է որոշի՝ այդ ակտերը ենթակա են բողոքարկման, թե՝ ոչ։ Ես չեմ կարող մեկնաբանել դատախազության, դատարանի կամ այլ անձանց և մարմինների գործողությունները», - ասաց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե այս իշխանության քաղաքակաան թիմի համար Մարտի 1-ի բացահայտումը քաղաքական առաջնահերթություն էր, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.
«Ամեն գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու և չի կարելի բոլոր հարցերի պատասխանն ակնկալել քաղաքական իշխանությունից։ Հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունել, որ որոշ հարցերում մենք ունենք ձախողումներ»։
Նախարարն ասաց, թե քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել, նշեց, որ պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն։
«Ես հիմնական պատասխանատուն եմ դատաիրավական ոլորտի բարեփոխումների։ Քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել։ Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն՝ ցանկացած, ինչ որոշում որ կկայացվի, եթե կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն դատաիրավական բարեփոխումների և վեթինգը չանելու։ ՀՀ-ում անկախ դատական իշխանություն ստեղծելու, պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու մեր պայքարը չի ավարտվել և անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա լինի», - ասաց Ռուստամ Բադասյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24