08/04/2021 13:56
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս` Սլովակիայի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Վստահ եմ, որ փոխադարձ ջանքերով Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ համակրանքի վրա, կշարունակեն խորանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: