08/04/2021 14:47
Ռուս խաղաղապահներն անվտանգության ապահովման հիմնական գործող անձինք են, պետք է հույս ունենալ, որ նրանց գործունեությունն արդյունավետությամբ կշարունակվի. Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հայաստանի վարչապետը Արցախի նախագահին է ներկայացրել մոսկովյան այցի արդյունքներն ու տպավորությունները: Նա ընդգծել է, որ Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումների կարևորագույն կետերից է եղել:
Արայիկ Հարությունյանը կարևորել է հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, հատկապես, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ, նրա խոսքով, անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով:
«Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է», - նշել է Արցախի ղեկավարը:
Փաշինյանն էլ արձանագրել է, որ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են.«Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի»: