08/04/2021 10:25
Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակազմ ԱՄՆ-ում չի եղել, բայց ՀՀ իշխանությունները հակառակ գործընթաց են տանում. միջազգայնագետ
Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը, բնականաբար չեմ կարող, բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ, միանշանակ կարող եմ, ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել է, որ համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղությամբ.
«Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա»:
Բայց միջազգանյագետը միաժամանակ նկատել է, որ հակառակ գործընթաց են տանում ՀՀ իշխանությունները:
«Սկզբում ԱԽՔ-ը, հետո ԱԺ փոխխոսնակը՝ հետո էլ Վաշինգտոնում ՀՀ հաջորդ դեսպանը (սա ամենավտանգավորն է) հայտարարում են Թուրքիայի հետ հաշտեցման մասին: Նույնն էլ անում է նաև Թուրքիան, քանի որ ճանաչման գործընթացը կարող է դադարեցվել, եթե կողմերը սկսեն բանակցել: Ըստ ԱԳՆ-ի, պաշտոնական բանակցություններ չկան, բայց հավանաբար կա «2nd track diplomacy» կամ նույնիսկ «1.5 track diplomacy», ինչը հանրությունից (միգուցե նաև ԱԳՆ-ից) գաղտնի է պահվում:
Ցավալիորեն հայ համայնքի ջանքերին հակառակվում են Թուրքիան և ՀՀ իշխանությունները», - գրել է Սարգսյանը: