08/04/2021 14:16
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջում է 4 մլն դրամի փոխհատուցում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:
Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի խոսնակ Էլինա Սահակովան Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը 2021 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թույլ տված արտահայտություններն են:
Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքել և զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:
«Պահանջվել է 4 մլն դրամի փոխհատուցում», - ասաց Էլինա Սահակովան։
Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հրավիրված հանրահավաքում հայտարարել էր, թե մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, այն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար:
«Շատ կարևոր է արձանագրել, որ մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Մարտի 1-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Սպանությունների հեղինակները կոնկրետ անուն ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ՝ ՀՀ քաղաքացուն, որ նրա մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ: Սպանություն կատարողները մինչ օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։