08/04/2021 10:31
Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին. ԱՆ
Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին, Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Կիրառման թույտվություն ասելով՝ մենք նկատի ունենք, որ երկիրը դեղամիջոցը կամ պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն ունի։ Հաշվի առնելով համավարակը ու աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրությունը՝ բոլոր երկրներն այս մեխանիզմն են օգտագործում, այսինքն՝ տվյալ պատվաստանյութը մեր երկրում, ելներով համավարակի իրավիճակից, արտակարգ իրավիճակում օգտագործման թույլտվություն է ստացել», - ասաց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ բոլոր երկրներն աշխատում են այս մեխանիզմով՝ հաշվի առնելով խիստ անհրաժեշտությունը և արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «Спутник V» պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ, ինչպես պնդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին՝ 15 հազար չափաբաժին խմբաքանակն առաքվել է Հայաստան: