08/04/2021 11:21
Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից. Նախագիծը դրական եզրակացության է արժանացել
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համաձայն՝ գյուղատնտեսական կոոպերատիվները և սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական արտադրանք արտադրող և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ազատված կլինեն շահութահարկից՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:
«Հիշեցնեմ՝ ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում և, հետեւաբար, շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները: Նման կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ եւ չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից։
Ոլորտի խաղացողները այս կարգավորումը համարում էին գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հիմնական խոչընդոտ։ Այժմ այդ խնդիրը լուծվում է», - նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ստեղծման և զարգացման համար: