09/04/2021 10:33
Առավոտյան ուղղաթիռն եկավ, մտավ ՊՆ-ի «պլաշադկա», երևի, Վաղարշակ Հարությունյանին վերցրեց, տարավ. Անհետ կորածի հարազատ (Տեսանյութեր)
Այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողները ողջ գիշերն անցկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով նախարարության մուտքերը։
«Ամբողջ գիշեր անցկացրել ենք Պաշտպանության նախարարության մուտքերի մոտ։ Այս 24 ժամվա ընթացքում ո՛չ ԳՇ պետը, ո՛չ պաշտպանության նախարարը, լինելով այս շենքում, չբարեհաճեցին մոտենալ ժողովրդին, խոսել», - վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ երեկ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ցանկացել է ընդունել հավաքվածներից մի քանի հոգու, սակայն ծնողների պահանջը եղել է, որ ԳՇ պետը մոտենա և խոսի բոլորի հետ։
«Այսօր՝ վաղ առավոտյան, ուղղաթիռն եկավ, մտավ ՊՆ-ի «պլաշադկա», երևի, Վաղարշակ Հարությունյանին, վերցրեց ու տարավ։ Դուք էս մի քանի օրվա ընթացքում քայլեր արեցիք, որը ձեզ երբեք չի ներվելու, դուք արհամարհեցիք մարդկանց, ովքեր էսօր տառապում են Ադրբեջանի բանտերում, դուք արհամարհեցիք մեր շիրիմները։ Դուք վախկոտի պես փախաք, էնքան թասիբ չունեք, որ կանգնեիք մայրերի առաջ ու պատասխան տաք», - ասաց Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն երեկ առավոտից արգելափակել են Պաշտպանության նախարարության ելքերն ու մուտքերը։ Բազմաթիվ աշխատակիցներ արգելափակված են մնացել շենքում և չեն կարողացել տուն գնալ։ Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ ղեկավարությունից պահանջում են լուծում տալ իրենց խնդրին։
Նշենք նաև, որ «Էրեբունի» օդանավակայանում մինչև ուշ գիշեր բավական լարված իրավիճակ էր․ մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Բաքվից ինքնաթիռը դատարկ էր ժամանել Երևան։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձ կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։