09/04/2021 12:37
Ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ է կատարվում, բայց հնչեցնել չեմ կարող. Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների խնդրի մասին
Չգիտեինք, որ այդպես է լինելու, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ գերիների չհաջողված վերադարձին՝ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:
«Պայմանավորվածություն է եղել և խախտվել է, պատճառները հասանելի չեն: Հերթական անգամ հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել: Հրադադարի ռեժիմի մեջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրություններն են, այստեղ, գուցե, խնդիր է արծարծվում, որը խանգարում է գերիների վերադարձին», - նշեց Քոչարյանը:
Ըստ նրա՝ գերիներին Ադրբեջանում պահելը տարածքների հետ կապ չի կարող ունենալ.
«Գերիներով չի, որ տարածքային խնդիրներ կարող են քննարկել»:
Լրագրողները մեջբերեցին շրջանառվող լուրերը, թե Բաքվից եկած ինքնաթիռով ադրբեջանա-թուրքական պատվիրակություն է վերադարձել, ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Շատ բան են խոսում: Դուք տեսե՞լ եք այդ պատվիրակությանը, պաշտոնական հաղորդագրություն եղե՞լ է»:
Նա նաև նկատեց, որ գերիների վերադարձի հարցը տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից անմիջապես հետո:
«Դա քայլ էր, որտեղ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձեց ներդնել խնդրի լուծման գործում: Դրանով է պայմանավորված, որ Մուրադովը գնացել էր ուղեկցելու», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ ինտուիցիայով հասկանում է՝ ինչ է կատարվում, բայց այդ մասին հնչեցնել չի կարող: Միայն նշեց, որ լուծելի խնդիրներ են: