09/04/2021 11:52
ՊՆ շենքից շշեր են շպրտել անհետ կորած զինծառայողների ծնողների վրա. Արսեն Ղուկասյան (Տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանն այսօր ֆեյսբուքյան եթերում ասել էր, թե Պաշտպանության նախարարը ուղղաթիռով դուրս է եկել ՊՆ տարածքից, սակայն քիչ առաջ տեղեկացրեց, որ ըստ ամենայնի, ՊՆ-ից դուրս եկողը ԳՇ պետ Արտակ Դավթյանն է եղել, քանի որ Վաղարշակ Հարությունյանը շրջել է ՊՆ տարածքում։
«Նորից չմոտեցավ մեզ։ Իր քայլելուց առաջ մի երկու տականք, չեմ ուզում ավելի վատ բառ ասեմ, սադրանք արեցին, հրմշտոց, խփոց, «ռեշոդկեքի» ներսից շիշ են շպրտել մեր ծնողների վրա։ Հիմա այս կոչով դիմում եմ ոչ միայն որդեկորույս ծնողներին, այլ՝ հայ ազգին։ Էս պահին էս ղեկավարությունը՝ թե՛ կառավարությունը, թե՛ ՊՆ-ն արհամարհում են մեր երեխեքին, թքած ունեն մեզ վրա։ Բոլորիդ խնդրում եմ եկեք, միացեք մեզ, քանի որ այժմ մեզ, իրոք, մարդկանց քանակ է պետք։ Ով ունի հնարավորություն, եկեք Պաշտպանության նախարարության մոտ, տեղում կորոշենք, թե ով ինչպես օգտակար լինի», - ասաց Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները ողջ գիշերն անցկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով նախարարության մուտքերը։
Նրանք երեկ առավոտից արգելափակել են Պաշտպանության նախարարության ելքերն ու մուտքերը։ Բազմաթիվ աշխատակիցներ արգելափակված են մնացել շենքում և չեն կարողացել տուն գնալ։ Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ ղեկավարությունից պահանջում են լուծում տալ իրենց խնդրին։