09/04/2021 18:49
Գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե երեկ գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել։
«Ուղղակի հույս է եղել ինչպես ամեն օր, որ թռիչքն իր հետ լավ լուր կբերի ու մենք կկարողանանք գերիներ տեղափոխել Հայաստան», - «Ազատության» եթերում ասել է Սիմոնյանը։
Նա նշել է, թե պետք է ապատեղեկատվության համար իրենք ներողություն խնդրեն քաղաքացիներից, գերիների ծնողներից, որ նման ցնցումների են ենթարկել ու ենթարկվել։
«Եղել է դեզինֆորմացիա, որի համար ես ներողություն եմ խնդրում», - ասել է ԱԺ փոխնախագահը։
Ալեն Սիմոնյանն ասել է նաև, թե այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Հայաստանում տիրող վրդովմունքն էլ ավելի խորացնելու համար։
«Ես վստահ եմ, որ հիմա տարբեր շահարկումներ են գնում, տարբեր գործընկերներ սա փորձում են ամեն ձև շահարկել, որը հասկանում եմ», - ասել է նա։
Հիշեցնենք՝ երեկ «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։
Դրանից հետո ծնողները հայտարարեցին՝ միանում են պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողներին. անհետ կորած զինծառայողների ծնողները ողջ գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով նախարարության մուտքերը։
Դեպքին անդրադարձել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
«Հրապարակ» թերթի թղթակիցը Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչու էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։
«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», - պատասխանել է Մուրադովը։