09/04/2021 13:58
Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը․ Ռուստամ Մուրադով (Տեսանյութ)
Այսօր Hraparak.am-ի թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։
Կայքը գրում է, որ առավոտյան լուր էր ստացել՝ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Hraparak.am-ի թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչու էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։
«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», - պատասխանել է Մուրադովը։
Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Օպերատորին սպառնացել են և գետնին շպրտել տեսախցիկը։
Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մի քանի լրատվամիջոցի ասել էր, որ գերիների վերադարձ է սպասում: Ինչից հետո «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Դրանից հետո ծնողները միացել են Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողներին. անհայտ կորած զինծառայողների ծնողները ողջ գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ՝ փակ պահելով նախարարության մուտքերը։ ՊՆ-ից մինչ այս պահը որևէ մեկը չի մոտեցել ծնողներին։