09/04/2021 14:18
ԱԴԾ-ն Ղրիմում կանխել է ահաբեկչություն. ձերբակալվել է երկու իսլամիստ
ԱԴԾ աշխատակիցները Ղրիմում կանխել են ահաբեկչություն, ձերբակալվել է երկու իսլամիստ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ծառայությանը:
«Ձերբակալվել է 1992 և 1999 թվականներին ծնված Ռուսաստանի երկու քաղաքացի, որոնք Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածները ծրագրել են ինքնաշեն ռումբերով հարձակվել «Սիմֆերոպոլ քաղաքի ուսումնական հաստատություններից մեկի վրա»:
Ահաբեկչությունից հետո հանցագործները նախատեսում էին Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով հասնել Սիրիա գրոհայինների շարքերը համալրելու համար: Ձերբակալվածների խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ առարկաներ և ինքնաշեն ռումբերի բաղադրիչներ: Հայտնաբերվել են հրահանգներ և նամակագրություններ ահաբեկիչների ղեկավարների հետ:
Ահաբեկիչների ինքնությունը չի բացահայտվել: Քննիչները քրեական գործ են հարուցել ռումբերի պատրաստման, քարոզչության և ահաբեկչությանն օժանդակելու հոդվածներով: