10/04/2021 10:29
Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի և հիմնազուրկ է, կրում է բացառապես քաղաքական բնույթ. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին փաստաբանների բողոքը:
Գևորգ Կոստանյանի փաստաբանը որոշումը համարում է ակնհայտ ապօրինի։
«Այսինքն՝ դատարանը հրաժարվել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ առանց որևէ ապացույցի, առնաց որևէ իրավական կամ փաստական հիմքի կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելուց, այն դեպքում, երբ միջազգային հեղինակություն ունեցող կառույցը՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլը) Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը գնահատել է որպես անօրինական և քաղաքական: Ավելին՝ դատարանը նույնիսկ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), իսկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նույնպես ենթակա է դադարեցման՝ արդարացնող հիմքով, իսկ խափանման միջոց կալանավորումը՝ վերացման, քանի որ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը հանդիսանում է Գևորգ Կոստանյանին մեղսագրված արարքների հանցակազմերի պարտադիր հատկանիշ, որի բացակայությունն ինքնին վկայում է Գևորգ Կոստանյանի արարքներում հանցագործության հանցակազմի բացակայության մասին:
Ընդ որում՝ այդ իրողությունը հասկանալու և գիտակցելու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ անհրաժեշտ չեն, ավելին՝ նշվածից ակնհայտ է, որ սահմանադրական կարգի տապալումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու պայմաններում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումն իբրև թե թաքցնելն ինքնին դադարում է քրեորեն պատժելի արարք հանդիսանալուց: Իրադարձությունների նման դասավորությունից տեսանելի է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտն ակնհայտ ապօրինի և հիմնազուրկ է և այն կրում է բացառապես քաղաքական բնույթ, այսինքն՝ դատարանը նման որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին առանց որևէ հիմնավորման թույլատրել է շարունակել հեղինակավոր միջազգային կառույցի՝ Ինտերպոլի կողմից որպես քաղաքական գնահատված և Սահմանադրական դատարանի կողմից որպես անվավեր ճանաչված նորմով իրականացվող անօրինական հետապնդումը», - նման հայտարարություն է տարածել Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել էր Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։
Գևորգ Կոստանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, թե այն մարդիկ, ովքեր զբաղվում են Մարտի մեկի գործով, գրագիտության հետ առնչություն չունեն։
«Հիմա եկել է իրենց պատասխան տալու ժամանակը: Այս փաստաթղթի առկայությունը հենց այն է, որ իրենք միջազգային պատասխանատվության են նաև ենթարկվելու, այդ թվում, միջազգային քրեական պատասխանատվության», - հայտարարել էր Կոստանյանը։