10/04/2021 10:55
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն. Արցախի ԱԳՆ
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ։
«29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։
Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։
Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով
Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն», - ասված է հայտարարությունում։