12/04/2021 14:16
Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել. Փոխնախարար
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար:
Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետևանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաև Իրանից և Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ կապված:
Փոխնախարարը վստահեցրեց, որ այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ ԻԻՀ-ից ներմուծումների առնչությամբ նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի և գտնվի շահեկան վիճակում:
«Խնդիրն այն է, որ ապրանքի գինը բարձրացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին», - ասաց Սիմոնյանը: