13/04/2021 12:40
Իմքայլական պատգամավորները դժգոհեցին իրենց առաջարկած թեկնածուից. «Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չի» (Տեսանյութ)
Խորհրդարանը հերթական քառօրյա նիստում քննարկում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը։
Թեկնածուն Լևոն Բունիաթյանն է, նրան առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, ներկայացրեց իմքայլական Բաբկեն Թունյանը։
Ներկայացնելով կենսագրությունը՝ Բունիաթյանն ասաց, թե մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է ՀԷՑ-ում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, այժմ աշխատում է «Էներջի գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական տնօրեն։
Նա ասաց, թե նշանակվելու դեպքում կցուցաբերի մեծ աշխատասիրություն, մասնագիտական կարողությունները կներդի՝ երկրի կայուն առաջընթացն ապահովվելու համար։
Պատգամավորները հետաքրքրվեցին, թե, օրինակ, ինչպես կարելի էլեկտրական ցանցերում կառավարել ավելորդ ծախսերը։ Թեկնածուն ասաց, թե հարցին կկարողանա պատասխանել, եթե աշխատանքի անցնի ՀԾԿՀ-ում։
Նա նշեց սակայն, որ երկու ձեռքով կողմ է, որպեսզի գազի, հոսանքի և ջրի սակագների բարձրացումներ չլինեն։
Ջրի սակագնի վերաբերյալ՝ Տիգրան Ուրիխանյանի հարցին թեկնածուն չկարողացավ պատասխանել, ասելով, թե միշտ էներգետիկայի ոլորտում է աշխատել։
«Աշխատանքի աննելու դեպքում խորը կուսումնասիրեմ», - ասաց Լևոն Բունիաթյանը։
Գևորգ Պապոյանի հարցին, որը վերաբերում էր արևային էլեկտրակայանների շուկայի ազատականացմանը և շուկայի զարգացմանը, թեկնածուն տվեց հետևյալ պատասխանը.
«Շուկայի ազատականացման այդ գործընթացին լավատեղյակ չեմ, քանի որ առնչություն չեմ ունեցել։ Ընտրվելուց հետո խորաթափանց կուսումնասիրեմ»։
Իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ թե ծանոթ է էներգետիկ համակարգում ռազմավարական ծրագրերին, և որ դրույթներն ընտրվելու դեպքում կյանքի կկոչի, Լևոն Բունիաթյանը պատասխանեց.
«Ծանոթ չեմ ռազմավարությանը, կառնչվեմ ընտրվելուց հետո և իմ դիրքորոշումը կհայտնեմ»։
Թագուհի Թովմասյանն ասաց, թե թեկնածուն չի ուսումնասիրել հանձնաժողովի մինչ օրս կայացրած որոշումները և դրանց հիմնավորումների մասին պատկերացումները կամ չկան, կամ թերի են։
«Ես չիմացա Ձեր պատկերացումները՝ ինչ եք պատրաստվում անել: Եթե գնալու եք շարունակելու այն, ինչ մինչև հիմա կա, պատգամավորների գոնե զգալի մասը Ձեզ, դժվար թե, իր վստահությունը տա», - ասաց Թովմասյանը։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, թե թեկնածուն ոչինչ չասաց իր տեսլականի մասին։
«Շատ հարցերի պատասխանում եք, թե դեռ ծանոթ չեմ, կգնամ, կծանոթանամ։ Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չի, որ գնաք ու այնտեղ ծանոթանաք։ Ինչն էր խոչընդոտում մինչև ԱԺ ներկայանալը ծանոթանալ բոլոր այն ընթացակարգերին, որոնք առկա են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում», - ասաց Վարդանյանը։
«Ես հանրային ծառայություններում չեմ աշխատել և չեմ կարծում, որ որևէ մեկն այնտեղ չաշխատելով իմանա ամբողջ կանոնակարգը», - պատասխանեց Լևոն Բունիաթյանը։
Արձագանքելով, Վլադիմիր Վարդանյանն ասաց.
«Հավատացնում եմ Ձեզ, որ մինչև ԱԺ գալը ես էլ երբեք պատգամավոր չեմ եղել, բայց դա չի խոչընդոտել ուսումնասիրել այն իրավական փաստաթղթերը, որոնք առկա են ԱԺ-ում։ Պետական կառավարման ոլորտում փորձարկումները շատ վտանգավոր են»։
Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ զարմանք հայտնեց, որ Բունիաթյանի թեկնածությունն առաջադրելիս խորքային ուսումնասիրություն չի եղել, թե իրեն առհասարակ հետաքրքրում է այդ ոլորտը, թե պաշտոնն է հետաքրքրում։
«Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես իմ տարիների ընթացքում պաշտոններ զբաղեցրել եմ։ Ինձ տրամադրված ժամանակը քիչ է եղել, չեմ հասցրել ուսումնասիրել»։
Պատգամավոր Արման Բաբաջանյանը Լևոն Բունիաթյանին առաջարկեց, որպեսզի նա իր թեկնածությունը հանի, գնա իր մասնավոր գործով զբաղվի.
«Այս անպատրաստ վիճակն իսկապես անարգանք է ԱԺ-ի նկատմամբ։ Կոնկրետ այս թեկնածուին ներկայացնելն ուղղակի անթույլատրելի է։ Ես առաջարկում եմ, որպեսզի Ձեր թեկնածությունը հանեք»։