13/04/2021 10:43
Պարտադիր չէ՝ Ադրբեջանում պուրակ բացվի, որ հասկանաք, թե չի կարելի նման հանցագործ ռեժիմի հետ տնտեսական կամ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություն վարել. Տարոն Սիմոնյան
Ադրբեջանի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարները պատերազմական հանցագործներ են, ակնհայտ է։ Այն որ, նրանց քաղաքականությունը ռասիստական է, ակնհայտ է։ Այն, որ մենք իրավական անհրաժեշտ գործողություններ պետք է կազմակերպենք, դա օրվա պահանջն է, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Պարտադիր չէ, որ Ադրբեջանում պուրակ բացվի և նման ակնհայտ հանցագործություններ ի ցույց դրվեն աշխարհին, որպեսզի պատգամավորները հասկանան, որ մենք գործ ունենք հանցագործի հետ։
Պարտադիր չէ՝ այս ամենն իրացվի, նոր քաղաքական իշխանության ներկայացուցիչներից շատերը հասկանան, որ չի կարելի նման հանցագործ ռեժիմի հետ տնտեսական հարաբերություններ կամ այլ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություններ վարել։
Պետք է ընդամենը քաղաքական գրագիտություն ցուցաբերել հասկանալու համար, որ ձեր հայտարարություններն ու խոսքը նշանակություն ունեն, իմանալ, թե հանցագործների հետ ինչպես են խոսում», - հայտարարեց Տարոն Սիմոնյանը։