13/04/2021 12:12
Ալիևը Պուտինի հետ քննարկել է «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին տեղեկատվությունը. Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին տեղեկատվությունը:
«Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց եմ ունեցել ռուս իմ գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Սովորաբար, ինչպես գիտեք, հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը համաձայնեցվում է երկու կողմերի միջև, տրվում է համատեղ, համաձայնեցված տեղեկատվություն: Բայց ես ոչ մի բան չեմ թաքցնում ադրբեջանական ժողովրդից և կարծում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը պետք է իմանա ամեն ինչի մասին: Մենք քննարկել ենք այս հարցը (Պուտինի հետ՝ խմբ.): Իմ հանձնարարությամբ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել լուսանկարներով և ապացույցներով: Բայց մինչ այժմ մենք ոչ մի պատասխան չենք ստացել», - երեքշաբթի ասել է Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
Միևնույն ժամանակ, Ալիևը «տարօրինակ» է որակել այդ հրթիռների օգտագործման մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները:
«Նրանք կամ խոսում են չպայթած հրթիռների մասին, կամ ասում են, որ դա գաղտնիք է: Նշանակում է, որ դրանք, ի վերջո, օգտագործվել են: Մենք պաշտոնական արձագանքի ենք սպասում Երևանից: Ես ձեզ ավելին կպատմեմ, մենք ունենք բավարար տեղեկատվություն, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների», - հավելել է Ալիևը: