13/04/2021 10:05
«Հրապարակ». Գերիների վերադարձի մասին լուրի սկզբնաղբյուրը հենց վարչապետ Փաշինյանն է եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ողջ երկիրը քննարկում էր Բաքվից ժամանած ինքնաթիռի պատմությունը, երբ վերջին պահին պարզվեց, որ Մուրադովի ինքնաթիռով գերիներ չեն գալիս։ Իսկ հաջորդ օրը «Հրապարակի» լրագրողին Ռուստամ Մուրադովն ասաց, որ չէին էլ գալու՝ դա մեր իշխանությունների պրովոկացիան էր։ Սակայն գերիներին բերելու լուրը պաշտոնապես հաստատել էին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Մենք նոր մանրամասներ ենք իմացել այս պատմության հետ կապված։
Պարզվում է՝ չորեքշաբթի օրը տարածված սուտ լուրի սկզբնաղբյուրը հենց վարչապետ Փաշինյանն է եղել: Հետպատերազմական ամիսներին Մուրադովը, ամեն անգամ այց կատարելով Բաքու, անպայման իր հետ գերիներ է բերել՝ թեկուզև փոքրաթիվ, բայց գոնե մեկ-երկու մարդ անպայման եկել է նրա ինքնաթիռով: Իսկ անցյալ շաբաթ, երբ Մուրադովը հերթական թռիչքն է իրականացրել Բաքու, «Էրեբունի» օդանավակայանի աշխատակիցները վարչապետի գրասենյակին անմիջապես տեղյակ են պահել, որ Մուրադովի ինքնաթիռը պլանավորված թռիչք է կատարում դեպի Բաքու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը որևէ օպերատիվ կապ չունի Ռուստամ Մուրադովի հետ և տեղեկությունները ստանում է նման փնթի, պատահական աղբյուրներից։
Ասում են՝ վարչապետը Մուրադովի թռիչքի մասին ինֆորմացիան սկզբում ճշտել է Արցախի նախագահից, դրական պատասխան ստանալուն պես իր մոտ է կանչել Տիգրան Ավինյանին և Հայկ Սարգսյանին։ Ենթադրել են, որ այս անգամ էլ Մուրադովը դատարկաձեռն չի վերադառնա Բաքվից, ուստի Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է տարածել այդ տեղեկությունը և դա ներկայացնել այն սոուսով, որ իր Մոսկվա այցի արդյունքում Պուտինը Մուրադովին ուղարկում է Բաքու՝ գերիներ բերելու: Ավինյանն ու Սարգսյանն էլ իրենց հերթին երրորդ անձանց միջոցով փոխանցել են իշխանական լրատվամիջոցներին, որ գերիներ են գալիս. Ավինյանը փոխանցել է իր գրասենյակի և վարչապետի խոսնակի, իսկ Հայկ Սարգսյանը՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի միջոցով:
Մուրադովի՝ Բաքու կատարած այցի իրական պատճառը սահմանին հաճախակի դարձած սադրանքներն են եղել, մասնավորապես՝ Սարուշեն գյուղի մոտակայքում կրակոցների ժամանակ գյուղացիները ստիպված դիմել են ռուս խաղաղապահներին, ռուս հրամանատարն ադրբեջանական «պոստի» ղեկավարի հետ է հանդիպել, ադրբեջանցիներն ասել են, որ դա իրենց հողն է, հայերը մշակելու իրավունք չունեն, հենց նման միջադեպերից հետագայում խուսափելու համար էլ Մուրադովը մեկնել է Բաքու` Ալիևի հետ անձնական հանդիպման և հարցերը կարգավորելու համար:
Իսկ ռուս խաղաղապահները գերիների վերադարձի որևէ առաքելություն կամ գործառույթ չունեն, մինչև այս՝ գերիներին վերադարձնելը եղել է բարի կամքի դրսևորում, այլ ոչ թե պարտականություն»։