13/04/2021 13:54
Աֆրոամերիկացի Ռայթի սպանությունից հետո Մինեսոտայում բախումները շարունակվում են
Մինեապոլիսի մոտակայքում գտնվող Բրուքլին Սենթեր քաղաքում, չնայած պարետային ժամ մտցնելուն, երկրորդ օրը շարունակվում են ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունից հետո իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների բախումները, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Մինեսոտայի ազգային գվարդիայի մի քանի հարյուր անդամ մասնակցում է քաղաքում կարգուկանոնի պահպանմանը: Ակնկալվում է, որ թիվը կաճի:
Իրավապահները ցուցարարներին ցրելու համար օգտագործում են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Մեծ թվով մարդիկ հավաքվել են տեղի ոստիկանության բաժանմունքի շենքի շուրջ և պահանջում, որ պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն: Պարետային ժամը սկսվելուց հետո իրավապահ մարմինները մեկից ավելի անգամ ցուցարարներին ցրելու հրաման են տվել, բայց նրանց կոչերն անտեսվել են:
Երկուշաբթի անկարգությունների մասնակիցները շշեր, աղյուսներ և լիցքեեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, նշում են իշխանությունները, որոնք պահպանում էին Մինեապոլիսում նախկին ոստիկան Դերեկ Շավինի գործի լսումների ժամանակ անվտանգությունը:
Մինեսոտայի ոստիկանությունը հայտնել է, որ 26-ամյա ոստիկանը շփոթեցրել է ատրճանակն էլեկտրոշոկերի հետ և կրակել սևամորթ Ռայթի վրա, որը ձերբակալման ժամանակ փախել է իրավապահների ձեռքերից: Հաղորդվել է, որ ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան ճանապարհային երթևեկության խախտման համար, իսկ ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդին ձերբակալելու մասին հրաման է տրվել: Ռայթի մահը բողոքի ցույցերի պատճառ է դարձել: