14/04/2021 10:37
Օնիկ Գասպարյանը չի ասել՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», հակառակը, ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել. Փաշինյան
ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է կորուստները և ԶՈւ գնահատականը՝ նշելով «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցենելու համար»:
Պաշտոնապես ուզում եմ արձանագրել, որ Օնիկ Գասպարայանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը, սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈւ-ն կատարում են իրենց առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն:
ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, պարզ պատճառով, որովհետև 2020թ. օգոստոսի 21-ին Անվտագության խորհրդի նիստում հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: